×

Մուտք անձնական հաշիվ

Մոռացել եմ գաղտնաբառը


«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Երևանում
16.12.2019

«Զվարթնոց» միջազգային օդանավակայան, Հայաստանի ամենամեծ օդանավակայանը գտնվում է Զվարթնոց գյուղից ոչ հեռու, Հայաստանի մայրաքաղաք Երևանից 10 կմ դեպի արևմուտք։ Օդանավակայանը սկսել է գործել դեռևս 1961 թվականից: Այն ժամանակ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սպասարկում էր միայն նախկին Խորհրդային Միության տարածքում չվերթներ իրականացնող իննքնաթիռների:

 

2001 թ-ի դեկտեմբեր 17-ին ՀՀ կառավարության և արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև ստորագրվեց պայմանագիր, համաձայն որի՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը: 2002 թ. հունիսից «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ստանձնում է օդանավակայանի կառավարումը:

 

Դեռևս 1985 թ. օդանավակայանին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից շնորհվել է 2-րդ կարգ: Հետագայում օդանավակայանը միջազգային չափանիշներին համապատասխանելու համար ամբողջությամբ վերանորոգվել է, տեղադրվել են անվտանգության, տեղեկատվական և հաշվառման նոր համակարգեր:

 

2008 թ նոր 52.000 քմ. Համալիրում կրկնապատկվեցին ուղևորների հաշվառման սեղանները, զննման կետերը: Կառուցվեց նոր ստորգետնյա ավտոկայանատեղի: Ուղևորային նոր համալիրը շահագործման հանձնվեց 2011 թ. աշնանը:

 

2013 թ-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվեց « Ռուսաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն օդանավակայան»:

 

Ինչպե՞ս հասնել «Զվարթնոց» օդանավակայան Երևանի տարբեր շրջաններից

 

Հայաստանի Հանրապետությանշրջաններից գործում է ավտոբուսային երթուղի դեպի Երևան: Իսկ Երևանից «Զվարթնոց» օդանավակայան հասնելու համար գործում է ավտոբուսային երթուղի 30 րոպե միջակայքով, առավոտյան 07. 00-ից մինչև 22. 00-ը: Երթուղին սկսվում է մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ գտնվող կանգառից: Ավտոբուսը կանգառներ կկատարի «Կաթողիկե» եկեղեցու մոտ, «Հանրապետության» հրապարակում, Ամիրյան փողոցի, Մաշտոցի պողոտայի, Կենտրոնական ավտոկայանի, Արգավանդ և Փարաքար գյուղերի կանգառներում, իսկ վերջին կանգառը կլինի «Զվարթնոց» օդանավակայանը: Ավտոբուսի ուղեվարձը 300 դրամ է:

 

Գործում են նաև երթուղային տաքսիներ: 17 համարի երթուղայինի սկզբնական կանգառը «Արմենալ» գործարանի մոտ է, երթուղին ներառում է Ադոնցի փողոցը, Ազատության և Կոմիտասի պողոտաները, Կասյան փողոցը, մ/կ « Բարեկամություն », Կիևյան, Լենինգրադյան, Սեբաստիայի փողոցները, Ծով. Իսակովի պողոտան, Էջմիածնի խճ.-ն, «Զվարթնոց» օդանավակայանը (վերջին կանգառ):

 

18 համարի երկաթուղայինը իր երթուղին սկսում է Աբովյան պուրակից, ներառում է Աբովյան, Կորյուն, Նալբանդյան, Խանջյան փող.-ները, Տիգրան Մեծի, Արցախի պողոտաները, Գ. Նժդեհի փողոցը, Գ. Նժդեհի հրապ.-ը, Բագրատունյաց, Ծով. Իսակովի պողոտաները, Էջմիածնի խճ.-ն, «Զվարթնոց» օդանավակայանը (վերջին կանգառ):

 

Կարող եք դիմել տաքսի ծառայություններին՝ Ձեզ «Զվարթնոց» օդանավակայան հասցնելու պատվերով (միջ. արժեքը՝ 2.000 դրամ):

 

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել օդանավակայանի կայք հետևյալ հղումով՝ www.zvartnots.aero:




Ձեզ կարող է նաև հետաքրքրել