Մուտք անձնական հաշիվ
Մոռացել եմ գաղտնաբառը
Հայաստանում ներդրվում է բոլորովին նոր ծառայություն, որի նպատակը հայ, ինչպես նաև օտարերկրյա ուղևորների, մասնավորապես` ավիաուղևորների խախտված իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունն է: Ավիաթռիչքների հետաձգման, ուշացման և/կամ չեղարկման դեպքում ուղևորներին օգնության կհասնի Passenger.am (ես ուղևոր եմ-անգլերեն) օնլայն առցանց համակարգը, որին դիմելով ուղևորները կկարողանան օրինախախտ ավիափոխադրողից փոխհատուցում ստանալու քայլեր ձեռնարկել:
Կայքը օրեր անց հասանելի կլինի ուղևորին և հանրությանը: Այս նորամուծությունը գոյություն ունի մի շարք զարգացած երկրներում: ԵՄ օրենսդրության համաձայն՝ ցանկացած հետաձգված կամ չեղարկված չվերթը ենթակա է փոխհատուցման` որոշակի պայմանների առկայության և բավարարման դեպքում:
«Passenger.am գործում է Եվրամիության օրենսդրությամբ կարգավորվող ուղղությունների դեպքում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է դեպի Եվրամիության անդամ պետություն կամ Եվրամիության որևէ երկրում գրանցված օդանավով թռիչքներին: Ուղևորն իր տոմսում պետք է ունենա առնվազն մեկ եվրոպական օդանավակայան (Եվրոպական Միության անդամ-պետության տարածք), որպեսզի կարողանա պահանջել փոխհատուցում: Կանոնակարգը թույլ է տալիս պահանջել 200-ից 600 եվրո, կախված խնդրի ծագման կետի և վերջնական վայրի միջև ընկած հեռավորությունից, ինչպես նաև, որոշ դեպքերում, հաշվի է առնվում ուշացման տևողությունը»,-նշում է նախագծի հեղինակ և հիմնադիր Վաներ Հարությունյանը:
Passenger.am-ի թիմի մոտ նման համակարգ ստեղծելու գաղափարն առաջացել է անձնական փորձից ելնելով: Ամբողջ գործընթացն իրականացնում է կայքի թիմը՝ առանց նախապես գումար գանձելու ավիաուղևորներից: Առաջին հերթին անձը Passenger.am-ին է տրամադրում այն բոլոր տեղեկությունները, որոնք կապված են իր թռիչքի հետ: Պետք է պարզապես պահպանել ավիաթռիչքի հետ կապված բոլոր փաստաթղթերը, առաջնահերթ կերպով նստեցման կտրոնը, նաև՝ վճարման կտրոնը, ինչպես նաև հյուրանոցային և այլ փաստաթղթեր, որտեղ առկա է ուղևորի ամրագրման հաստատման համարը: Բողոքը պետք է պարունակի այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են ուղևորի ինքնաթիռի ժամանման իրական ժամանակը (ոչ թե մեկնման/վայրէջքի ժամանակը), ինչպես նաև օդանավակայանի էկրանների լուսանկարները, որոնցում արտացոլվում է ինքնաթիռի ուշացումը:
Հայկական նոր ստարտափի հեղինակները կոչ են անում նմանօրինակ իրավիճակներում չընդունել և չստորագրել որևէ փաստաթուղթ, քանի որ դա կարող է ծուղակ լինել ավիաընկերության կողմից: Պարզապես պետք է դիմել համակարգին՝ առավելագույնս սեփական իրավունքները պաշտպանելու համար:
Նախագծի հեղինակ և համահիմնադիր Վաներ Հարությունյանը փաստում է, որ փոխհատուցում պահանջելու համար անհրաժեշտ է, որ ուշացման տևողությունը լինի նվազագույնը 3 ժամ կամ այն դեպքում, երբ թռիչքը հետաձգվում/ չեղարկվում է:
«Ընդ որում, եթե ավիաթռիչքի ուշացման կամ չեղարկման օրվանից սկսած ուղևորը չի հասցրել դիմել ավիաընկերությանը, ապա դա խնդիր չէ»,-ընդգծում է համահիմնադիրից Գուրգեն Ղազարյանը, քանի որ այդ օրվանից հաշվված ուղևորն իրավունք ունի 2 տարվա ընթացքում դիմել և փոխհատուցում պահանջել ոչ բարեխիղճ ավիափոխադրողից :
Passenger.am համակարգին դիմելու համար որևէ գումար անհրաժեշտ չէ: Պետք է պարզապես լիազորել իրավաբանական թիմին՝ տվյալ անձի կողմից հանդես գալու համար և այդ ամենը կատարվում է առավելագույնս օնլայն առցանց ռեժիմով:
Passenger.am-ը կօգնի խնայել ժամանակն ու նյարդերը, խուսափել ավիաընկերությունների հետ վարչական ընթացակարգերի և բանակցությունների քաշքշուկից և ստանալ ցանկացած խնդրի արդյունավետ լուծում: