Մուտք անձնական հաշիվ
Մոռացել եմ գաղտնաբառը
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավիաուղևորների խախտված իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունն ապահովելու նպատակով Հայաստանում ներդրվում է նոր ծառայություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծառայությունը մատուցում է «Passenger.am» օնլայն առցանց համակարգը, որին դիմելով՝ ուղևորները կկարողանան օրինախախտ ավիափոխադրողից փոխհատուցում ստանալու քայլեր ձեռնարկել:
Այս նորամուծությունը գոյություն ունի մի շարք զարգացած երկրներում: ԵՄ օրենսդրության համաձայն՝ ցանկացած հետաձգված կամ չեղարկված չվերթ ենթակա է փոխհատուցման` որոշակի պայմանների առկայության և բավարարման դեպքում:
«Passenger.am»-ը գործում է Եվրամիության օրենսդրությամբ կարգավորվող ուղղությունների դեպքում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է դեպի Եվրամիության անդամ պետություն կամ Եվրամիության որևէ երկրում գրանցված օդանավով թռիչքներին: Ուղևորն իր տոմսում պետք է ունենա առնվազն մեկ եվրոպական օդանավակայան (ԵՄ անդամ-պետության տարածք), որպեսզի կարողանա պահանջել փոխհատուցում: Կանոնակարգը թույլ է տալիս պահանջել 200-600 եվրո՝ կախված խնդրի ծագման կետի և վերջնական վայրի միջև ընկած հեռավորությունից, ինչպես նաև, որոշ դեպքերում, հաշվի է առնվում ուշացման տևողությունը»,-նշում է նախագծի հեղինակ և հիմնադիր Վաներ Հարությունյանը:
«Passenger.am»-ի թիմը նման համակարգ է ստեղծել` անձնական փորձից ելնելով: Ամբողջ գործընթացն իրականացնում է կայքի թիմը՝ առանց նախապես գումար գանձելու ավիաուղևորներից: Առաջին հերթին անձը «Passenger.am»-ին է տրամադրում այն բոլոր տեղեկությունները, որոնք կապված են իր թռիչքի հետ: Պետք է պարզապես պահպանել ավիաթռիչքի հետ կապված բոլոր փաստաթղթերը, առաջնահերթ կերպով նստեցման կտրոնը, նաև՝ վճարման կտրոնը, ինչպես նաև հյուրանոցային և այլ փաստաթղթեր, որտեղ առկա է ուղևորի ամրագրման հաստատման համարը: Բողոքը պետք է պարունակի այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են ուղևորի ինքնաթիռի ժամանման իրական ժամանակը (ոչ թե մեկնման/վայրէջքի ժամանակը), ինչպես նաև օդանավակայանի էկրանների լուսանկարները, որոնցում արտացոլվում է ինքնաթիռի ուշացումը:
Հայկական նոր ստարտափի հեղինակները կոչ են անում նմանօրինակ իրավիճակներում չընդունել և չստորագրել որևէ փաստաթուղթ, քանի որ դա կարող է ծուղակ լինել ավիաընկերության կողմից: Պարզապես պետք է դիմել համակարգին՝ առավելագույնս սեփական իրավունքները պաշտպանելու համար:
Նախագծի հեղինակ և համահիմնադիր Վաներ Հարությունյանը փաստում է, որ փոխհատուցում պահանջելու համար անհրաժեշտ է, որ ուշացման տևողությունը լինի նվազագույնը 3 ժամ կամ այն դեպքում, երբ թռիչքը հետաձգվում/չեղարկվում է:
«Եթե ավիաթռիչքի ուշացման կամ չեղարկման օրվանից սկսած ուղևորը չի հասցրել դիմել ավիաընկերություն, ապա դա խնդիր չէ, - ընդգծում է համահիմնադիր Գուրգեն Ղազարյանը, - քանի որ այդ օրվանից հաշվված ուղևորն իրավունք ունի 2 տարվա ընթացքում դիմել և փոխհատուցում պահանջել ոչ բարեխիղճ ավիափոխադրողից»:
«Passenger.am» համակարգին դիմելու համար որևէ գումար անհրաժեշտ չէ: Պետք է պարզապես լիազորել իրավաբանական թիմին՝ տուժած անձի կողմից հանդես գալու համար, և այդ ամենը կատարվում է առավելագույնս օնլայն առցանց ռեժիմով: